Հստակ տվյալներ կան, որ անհետ կորած զինվորներից մի քանիսը կենդանի են և 1992-ից գտնվում են Ադրբեջանում
Հստակ տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը:
«100 տոկոսով տվյալներ ունենք, որ մեկ անհետ կորած զինվոր կենդանի է։ Նա Հադրութի շրջանից է, Ռաֆայել Բալայանը։ Նա հենց հիմա կենդանի, 1992 թ․-ից գտնվում է Ադրբեջանում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է տարբեր կառույցների հետ։ Մեկ այլ անհատ կորած զինվորի մասին էլ մոտավոր տեղեկություններ ունենք, որ կենդանի է։ Ուղղակի Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում մեզ տալ մեր տղաներին»,- հայտնեց Ռոման Բալայանը։
Նա նշեց, որ կազմակերպությունը Արցախի անհետ կորածների միությունը հետ համատեղ աշխատելով կարողացել է վերջին ժամանակահատվածում երկու անհետ կորածի մասունքներ գտնել։
Ռոման Բալայանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում ընդհանուր մոտ 800 անհետ կորած զինվոր կա։
Արցախյան պատերազմի վետերանների միությունը, բացի անհետ կորածներից, զբաղվում է նաև զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությամբ։ Միության անդամները «Մենք ձեզ հետ ենք, դուք մենակ չեք» ծրագրի շրջանակում տարին 5 անգամ այցելում են զոհված զինծառայողների ընտանիքներ և աջակցություն են տրամադրում հիմնադրամներից։
«Մեր գործունեությունը սկսվել է ապրիլյան պատերազմից հետո։ ՀՀ Նախագահի «Մենք ձեզ հետ ենք, դուք մենակ չեք» ստեղծած ծրագիրը սկզբում իրականացվում էր միայն Հայաստանում, հետո ծրագիրը համամասշտաբ սկսեց և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Ծրագիրը նվիրված էր առաջին հերթին ապրիլյան պատերազմի զոհերին, բայց ծրագրից դուրս մենք սկսեցինք 1990-ականներին զոհվածների ընտանիքներ այցելել»,- նշեց նա։