ԼՂ հակամարտության կարգավորումը կդառնա 2018-ին ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկը. ԵԱՀԿ գործող նախագահ
Իտալիան 2018 թվականին ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում պատրաստվում է առավելագույն ուշադրություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի և կազմակերպության գործողության տարածաշրջանում այլ հակամարտությունների կարգավորման վրա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն:
Ալֆանոյի խոսքով՝ այդ հարցերը կդառնան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Իտալիայի առաջնահերթ խնդիրները:
«Մեր նախագահության ընթացքում մենք առավելագույն ուշադրություն կհատկացնենք Ուկրաինայում ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում, այսպես կոչված, ձգձգված հակամարտություններին (Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան): Առաջնահերթ խնդիր կդառնա աջակցությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: