Ադրբեջանցիներին զայրացրել է Եվրախորհրդարանի շվեդ պատգամավորի Արցախ այցելությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Լարս Ադակտուսոնի՝ Արցախ այցելության առնչությամբ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։