Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել Մերձավոր Արեւելքում
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է Մոսկվայի հետ ռազմավարական դաշինք կազմել Մերձավոր Արեւելքում,– հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Խոսնակի խոսքերով, Իրանը եւ Ռուսաստանը տարաձայնություններ չունեն միջսիրիական կարգավորման հարցերի շուրջ։ «Մենք ընդհանուր գնահատականներ ունենք Սիրիայում ներկա իրավիճակի եւ նրա ապագայի վերաբերյալ»,– հայտարարել է նա։
Լարիջանին նաեւ հայտարարել է, որ Իրանը համաձայն է սիրիական հակամարտության հարցը քաղաքական ճանապարհով լուծելու` Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշման հետ։
Բացի այդ, խորհրդարանի խոսնակը ողջունել է «առանց նախապայմանների» ուղիղ երկխոսություն անցկացնելու գաղափարը արաբական երկրների՝ առաջին հերթին Սաուդյան Արաբիայի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են Սիրիայում զինադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմ ստեղծելու մասին։ Ենթադրվում է, որ այդ մարմինը «պետք է հսկի եւ ապահովի կրակի դադարեցման լիակատար պահպանումը եւ կանխի ցանկացած սադրանք»։