Լապշինը պատմել է՝ ինչպես են իրեն բուժել Բաքվի բանտի բժիշկները
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan TV հեռուստաալիքին և պատմել Բաքվի բանտում անցկացրած օրերի, մասնավորապես՝ տեղի բժիշկների կողմից ցուցաբերված վերաբերմունքի մասին:
Բլոգերը պատմել է, որ երբ նա ատամնաբույժի կարիք է զգացել՝ նրա ատամները բուժել են առանց անզգայացնող միջոցների՝ ասելով, թե «ՀՀ-ի համար լրտեսություն անողներին բուժում են առանց անզգայացման»:
«Ընդհանուր առմամբ՝ բժշկական սպասարկումը տանելի էր. փա՛ռք Աստծո, լուրջ հիվանդություն այդ ընթացքում չունեցա: Ես ունեի ատամների հետ կապված խնդիր, հավանաբար՝ վատ սնվելու պատճառով, դրանք սկսեցին փչանալ: Ինձ տարան բժշկի մոտ, բուժում էին ատամներս՝ առանց անզգայացնելու, իսկ բժիշկը ծիծաղելով բացատրեց, որ «ՀՀ-ի համար լրտեսություն անողներին անզգայացում չի հասնում»: Դա շատ ցավալի ու տհաճ էր, մանավանդ, որ ես ոչ մի լրտես էլ չեմ, և նման թեմաներով կատակները համարում եմ ոչ տեղին» - պատմել է Լապշինը:
Բացի այդ՝ բլոգերը նաև պատմել է, որ բանտում եղած ժամանակ հարևան բանտախցերի կալանավորները պարբերաբար իրեն անվանել են «հայերի մարմնավաճառ» և սպառնացել հաշիվներ մաքրել նրա հետ: