Հռոմի պապն իջել է մեքենայից՝ ձիուց ընկած ոստիկանին օգնելու համար (տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քառօրյա այցով ժամանել է Պերու, որտեղ իր «պապամոբիլով» շրջել է խանդավառված հավատացյալների կողքով:
Ինչպես նշում է The Guardian-ը, երբ պոնտիֆիկոսի մեքենան անցել է ձի հեծած ոստիկանների կողքով, նրանցից մեկը վայր է ընկել:
Տեսնելով կատարվածը՝ Պապն անմիջապես կարգադրել է կանգնեցնել մեքենան, ցած է իջել ու մոտեցել ընկած կին ոստիկանին:
Ֆրանցիսկոսը մի քանի րոպե նրա կողքին է եղել, այնուհետև ժամանել է շտապօգնությունը: Ավելի ուշ հաղորդվել է, որ կինը չի տուժել:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունվարի 18-ի երեկոյան քառօրյա այցով ժամանել է Պերու:
Պոնտիֆիկոսը մտադիր է հունվարի 19-ին այցելել Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում է նախատեսված Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ:
Դրանից հետո նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ երկրի իշխանությունների՝ այդ թվում նաև նախագահի հետ հանդիպման համար:
Մինչդեռ հունվարի 20-ին կաթոլիկների հոգևոր առաջնորդը կմեկնի Տրուհիլյո քաղաք, այնուհետև կվերադառնա Լիմա, պատարագ կմատուցի ու նորից կմեկնի Վատիկան:
Հայտնի է, որ նախքան Պերու ժամանելը, Հռոմի պապը գտնվում էր Չիլիում, որտեղ հանդիպել է կաթոլիկ քահանաների կողմից սեռական ոտնձգությունների զոհ դարձածների հետ ու ներողություն խնդրել նրանցից:
«Չեմ կարող արտահայտել այն ցավն ու ամոթը, որ զգում եմ եկեղեցու ծառայողների կողմից երեխաներին պատճառված անդառնալի վնասի համար»,-մասնավոր հանդիպման ժամանակ ասել էր Ֆրանցիսկոս պապը: