Մտահոգ ենք ԼՂ հակամարտության տևականությամբ․ Ջ. Լաքոտ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում սպասված է և ցանկալի. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ես ևս մեկ անգամ հնչեցնելու եմ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ. դա մեր մտահոգությունն է այս հակամարտության տևականության վերաբերյալ, ինչպես նաև՝ մեր կոչը գտնելու բանակցված որոշում: Եվ այս համատեքստում ցանկացած հանդիպում սպասված է և ցանկալի»,-ասաց նա:
Դեսպանը մատնանշեց, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է և ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
«Եվ, ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի մասին է»,-նշեց դեսպանը: