Կրասնոյարսկում բուժաշխատողն ազատվել է աշխատանքից՝ իրենց ամանորյա խնջույքի տեսանյութի տարածումից հետո (տեսանյութ)
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բաժնի ղեկավարն ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, երբ համացանցում է հայտնվել իր և այլ բուժաշխատողների մասնակցությամբ ամանորյա խնջույքի տեսանյութը:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտնել է բուժհաստատության ներկայացուցիչ Անդրեյ Լյուբչենկոն:
Պարզվում է՝ բուժաշխատողները նախաամանորյա երեկույթն անցկացրել են հենց հիվանդանոցում, ինչով էլ խախտել են ղեկավարության կողմից սահմանված արգելքը:
Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են իրենց կորպորատիվ երեկույթը հիվանդանոցում նշող կանայք պորտապար պարում:
Երբ շտապօգնության բաժնի ղեկավարը տեղեկացել է տեսանյութի՝ համացանցում տարածվելու մասին, սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է: Մյուս աշխատակիցները ստիպված են եղել բացատրագրեր ներկայացնել տնօրինությանը: