Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Ստեփանոսի «շարժական» տաճարը, որի նախագծի հեղինակն է հայ Հովսեփ Ազնավուրը (լուսանկար)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել Ստամբուլի հայտնի Սուրբ Ստեփանոս ուղղափառ եկեղեցու վերաբացման արարողությանը, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Բուլղարական համայնքին պատկանող հայտնի տաճարը կառուցվել է 1898 թվականին՝ նշանավոր հայ ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի նախագծով: Նախագիծը հաստատվելուց հետո տաճարի կառուցման համար հայտարարվել է միջազգային մրցույթ, որը շահել է ավստրիական մի ընկերություն ու ձեռնամուխ եղել կառուցման աշխատանքներին, որոնք տևել են շուրջ 5 տարի:
Սուրբ Ստեփանոսի կառուցման ժամանակ որպես շինարարական նյութ երկաթի և թուջի կիրառումը պատճառ դարձավ, որպեսզի այն հայտնի դառնա նաև «Երկաթե եկեղեցի» անունով: Տաճարի կոնստրուկցիան թույլ է տալիս այն ցանկացած պահի առանձնացնել մի քանի մասի ու տեղափոխել այլ վայր:
Ստամբուլի Ֆեներ շրջանում գտնվող տաճարը, որը մեծ հայտնիություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում, այժմ իր դռներն է բացել ավելի քան 7 տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո:
Վերաբացման պաշտոնական արարողությանը նախագահ Էրդողանից բացի ներկա են գտնվել մի շարք նախարարներ ու այլ բարձրաստիճան այրեր: Հրավիրված են եղել Թուրքիայի քրիստոնյա համայնքների մի շարք հոգևոր առաջնորդներ. իշխանությունները հայ համայնքից հրավեր են ուղարկել Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որն էլ ներկա է գտնվել արարողությանը:
Թուրքիայի «Հայ ճարտարապետների միության» ղեկավար խմբի անդամ, «Մշակութային ժառանգության պահպանման» միության հիմնադիր և ղեկավար խմբի անդամ, արվեստի պատմության պրոֆեսոր և հայ մշակույթի մասնագետ Էլմոն Քարսարվանյան Հանչերը եկեղեցու վերաբացման առիթով սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում նշել է, որ նման զանգվածային միջոցառման լուսաբանման ընթացքում հայ ճարտարապետի անունը չշոշափելն անընդունելի ու վրդովեցուցիչ փաստ է:
Հովսեփ Ազնավուրի մասին խուսափել է խոսել նաև Էրդողանը, որն իր ելույթի ընթացքում հպարտությամբ նշել է, թե նման յուրահատուկ կառուցվածք ունեցող «շարժական» եկեղեցի աշխարհում միայն երեք հատ կա, և դրանցից մեկը, փաստորեն, Թուրքիայում է: