Ինչու էր Սաակաշվիլին բարձրացել տան տանիքին իր ձերբակալության օրը
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչու էր բարձրացել տան տանիքին իր ձերբակալության օրը:
Վրացական Rustavi2 հեռուստաալիքի եթերում Սաակաշվիլին պատմել է, որ այդ օրը՝ վաղ առավոտյան իրավապահները շուրջ 45 րոպե ջանացել են կոտրել նրա բնակարանի դուռը, բջջային կապն արհեստական կերպով սահմանափակվել է, ինչի արդյունքում նա ստիպված է եղել բարձրանալ տանիք՝ իր թիմի անդամներին զանգահարել կարողանալու ու եղածի մասին տեղեկացնելու համար:
Նրա խոսքով՝ իր այդ քայլով նա նաև ժամանակ է շահել՝ մոտ երկու ժամ, որի ընթացքում բակում են հավաքվել իր բազմաթիվ կողմնակիցներն ու լրագրողներ:
Սաակաշվիլին պատմել է, որ կտուրում եղած ժամանակ նա թույլ է տվել իրավապահներին իրեն ձեռնաշղթաներ հագցնել, ավելի ուշ՝ տանը նա խնդրել է թույլատրել իրեն լոգանք ընդունել: Լոգասենյակում երկար ժամանակ գտնվելուց հետո իրավապահները սկսել են թակել դուռը, հետո սենյակում քաշքշուք է սկսվել, ինչի արդյունքում նրան կրկին ձեռնաշղթաներ են հագցվել:
Ի պատասխան այն հարցի, թե ինչպես են նրան վերաբերվել ուկրաինացի իրավապահները, Սաակաշվիլին հայտնել է, որ իր հանդեպ վերաբերմունքը եղել է ծայրաստիճան բարյացակամ, իրեն հատկացված բանտախուցն էլ մյուսներից ոչնչով չէր տարբերվում. «սովորական, ստանդարտ, մաքուր»:
Վրաստանի նախկին նախագահը նաև հավելել է, որ բանտում հրաժարվել է ուտելիքից, սակայն նրան պարբերաբար թեյ են բերել:
«Առաջին օրը շատ անսովոր էր, քանի որ ես վարժված եմ ազատության, սակայն երկրորդ օրվանից ես ինձ զգում էի շատ հանգիստ և մոբիլիզացված էի», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: