Էրդողանն արդեն չափն անցավ. հրեա պատգամավորը մտադիր է Քնեսեթում քննարկման դնել Ցեղասպանության ճանաչման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին սկանդալային հայտարարությունից հետո, Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացել են:
Ինչպես նշում է Times of Israel-ը, ստեղծված իրավիճակի ֆոնին իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր:
Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում, ներկայացնելու համար:
Աղբյուրը նկատում է, որ Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հրաժարվել է այս քայլից, որպեսզի պահպանի Թուրքիայի հետ հարաբերությունները:
Պատգամավորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ Իսրայելը պետք է աջակցի քրդերին ու անկախ քրդական պետության հիմնադրմանն ուղղված ջանքերին: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ ծրագիրը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լապիդի հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարաությունն առ այն, որ «Իսրայելը երեխաներ սպանող ահաբեկչական պետություն է»:
«Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»,-ընդգծել է Լապիդը:
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու որոշման մասին:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
1948թ. Իսրայելի հիմնադրումից ի վեր ԱՄՆ-ն դարձել է նման հայտարարությամբ հանդես եկած աշխարհում առաջին երկիրը:
Հայտնի է, որ Պաղեստինը ցանկանում է Երուսաղեմի արևելյան հատվածում ապագա անկախ պետության մայրաքաղաքը հիմնել, սակայն Թրամփի որոշումից հետո դա, գրեթե, անհավանական կլինի: