Սաակաշվիլին ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին:
«Ես ցանկանում եմ գնալ եւ Օդեսայի քաղաքապետ դառնալ: Ես չեմ կատակում, իրապես: Ես շատ եմ ցանկանում Օդեսան ոտքի հանել: Սակայն Օդեսան հնարավոր է ոտքի հանել միայն խաղի բոլոր կանոնները փոխելով»,- ասել է նա: Ըստ որում՝ նա նշել է, որ պատրաստ է Օդեսա մեկնել այն դեպքում, եթե լավ վարչապետ դառնա եւ այն բանից հետո, երբ այդ պաշտոնում գործունեությունը կավարտի: Քաղաքական գործիչը հայտարարել է իր թիմի ծրագրի գոյության մասին, որի համաձայն՝ Ուկրաինան կարելի է 70 օրում բարեփոխել, իսկ պետական ապարատը երկու երրորդով կրճատել:
Նա միաժամանակ դարձյալ հայտարարել է նախագահական հավակնությունների բացակայության մասին:
Դեկտեմբերի 12-ին Սաակաշվիլին խոսել էր Ուկրաինայի կառավարությունը ղեկավարելու ցանկության մասին: «Ես պատրաստ եմ ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարության պատասխանատվությունը»,- հայտարարել էր նա՝ նշելով, որ «ոչ մի սոուսով» երկրի նախագահի թեկնածու չի առաջադրվի:
Սաակաշվիլին Օդեսայի մարզը ղեկավարել է 2015-ի մայիսից 2016-ի նոյեմբեր: