Առաջին հայալեզու տեսարանը հոլիվուդյան ֆիլմում` տոլմայի և հայկական հյուրասիրության մասին (տեսանյութ)
«Խորը վեցնյակը» (The Deep Six). այսպես էր կոչվում Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող հայտնի ամերիկյան ֆիլմը, որում Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ հայերեն խոսքով տեսարան է հայտնվել:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, ֆիլմի հերոսներից մեկը՝ ԱՄՆ Ռազմածովային նավատորմի նավաստի Ահարոն Սլոբոջյանը, որի դերը մարմնավորել է ամերիկահայ դերասան և երաժիշտ Ռոս Բաղդասարյան ավագը, իր ծառայակիցներին հրավիրում է ռեստորան, որտեղ հայկական տոլմա, քյուֆթա և այլ ուտեստներ են հյուրասիրում:
Հայերեն խոսքը հնչում է նաև ռեստորանի զվարճալի տեսարանում, որտեղ Սլոբոջյանը, բեմ բարձրանալով, մաքուր հայերենով իր զինակից ընկերներին ներկայացնում է հաստատությունում գտնվող հանրությանը:
«Խորը վեցնյակը» Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ամենահայտնի հոլիվուդյան ժապավեններից մեկն է: Այն էկրան է բարձրացել 1958-ին: Ֆիլմի ռեժիսորն է Ռուդոլֆ Մատեն: Գլխավոր հերոսն ու պրոդյուսերը Հոլիվուդի լեգենդ Ալան Լեդն է: