Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային Մերձավոր Արևելքում ճգնաժամ հրահրելու համար
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Ֆրանսիամ իր «կանխակալ» քաղաքականությամբ ճգնաժամ է հրահրում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ կայքը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Լիբանանի և հարևան երկրների գործերին Իրանի չմիջամտելը տարածաշրջանում կայունության պայմաններից մեկն է:
«Ցավոք, Ֆրանսիան կարծես միակողմանի և կողմնակալ մոտեցում ունի տարածաշրջանում ճգնաժամերի և մարդասիրական աղետների վերաբերյալ, և այդ մոտեցումը, լինի դա կանխամտածված, թե ոչ, անգամ նպաստում է պոտենցյալ ճգնաժամերը իրական դարձնելուն»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ժամանում են Պարսից ծոցի տարածաշրջան, և արհամարհելով տարածաշրջանում գոյություն ունեցող շատ հստակ իրողությունները, Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ազդեցության տակ կրկին խոսում են Իրանի առնչությամբ կեղծ, անհիմն և թշնամական մտավախությունների մասին»,- հավելել է Քասեմին՝ ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը՝ մոտ երկու շաբաթ առաջ տարածաշրջանը ցնցած նրա անակնկալ հրաժարականից հետո:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Լիբանանի իշխանությունները կարծում են, որ Հարիրին իր կամքին հակառակ պահվում է Սաուդյան Արաբիայում, որի իշխանություններն էլ նրան հրահանգել են հրաժարական տալ:
Էր Ռիադը հայտարարում է, որ Հարիրին՝ «Սաուդյան Արաբիայի վաղեմի դաշնակիցը», ազատ մարդ է և երկիրը կապ չի ունեցել նրա հրաժարականի մասին հայտարարելու որոշման հետ:
Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք: