Քննչական կոմիտեն ստացել է զինվորական հոսպիտալում իրականացված աբորտներին առնչվող քրգործը, առգրավվել են փաստաթղթեր
ՀՀ քննչական կոմիտեն Դատախազությունից ստացել է ՀՀ զինվորական հոսպիտալում իրականացված աբորտներին առնչվող քրգործը, և քրեական գործ հարուցելու որոշման հիմքում դրված փաստերը ստուգելու ուղղությամբ կատարվում է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ նրա՝ հարցաքննվել են անձինք, կատարվել՝ փաստաթղթերի առգրավվում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը, գրելով, որ ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում, տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Նաև նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել և վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել:
Մեր տեղեկություններով՝ գինեկոլոգը, որը մոտ 60 տարեկան կին է, ունի բժշկական մասնագիտական կրթություն:
Նշենք, որ ապօրինի աբորտ համարվում են հղիության ընդհատման այն վիրահատությունները, որոնք 12 շաբաթական հղիությունից բարձր դեպքերում են: Եթե պարզվի, որ դրանք 12 շաբաթականից բարձր են եղել, ապա կառաջադրվի մեղադրանքը։