Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ապրանքների մատակարարման մնացած սահմանափակումները վերացնելու միջոցները
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են մի շարք ապրանքների մատակարարման վերաբերյալ մնացած սահմանափակումները վերացնելու միջոցները: Այս մասին Սոչիում երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել են նրանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սեպտեմբերի 27-ին Անկարայում Էրդողանի հետ ունեցած մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թուրքիայից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը վերսկսվել է», - ասել է Պուտինը:
«Այսօր մենք քննարկեցինք այլ գյուղատնտեսական ապրանքատեսակների սահմանափակումները վերացնելու համատեղ միջոցառումները»:
Պուտինը արձանագրել է տնտեսական հարաբերությունների գրեթե ամբողջական վերականգնումը, ինչը հաստատվում է առեւտրաշրջանառության աճող ցուցանիշներով:
Այս տարվա տասը ամիսների ընթացքում աճը կազմել է 36 տոկոս: «Բոլոր հիմքերը կան կարծելու, որ մենք կկարողանանք ամբողջությամբ փոխհատուցել անցյալ տարվա անկումը», - ասել է նա՝ այս առաջընթացը պատժամիջոցների եւ առեւտրի խոչընդոտների համատեղ վերացման հետ կապելով: