Փողոցների հեղեղումը մայրաքաղաքի՝ թույլ դրենաժային համակարգի եւ սխալ քաղաքաշինության հետեւանք է
Երեւանում տեղացող անձրեւների պատճառով փողոցների հեղեղումը մայրաքաղաքի՝ թույլ դրենաժային համակարգի եւ սխալ քաղաքշինության հետեւանք է: Այս կարծիքին է բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով, ամեն տարի մայրաքաղաքում նույն իրավիճակն է ստեղծվում, երբ սկսվում է տեղումների սեզոնը եւ անհետեւողականության արդյունքում է, որ այդպես էլ լուծում չի տրվում խնդրին:
«Երկար ժամանակ անձրեւ չի լինում եւ միանգամից տեղումները սկսվում են՝ նորմայից մի քանի անգամ շատ: Մենք դրան պետք է պատրաստ լինենք, բայց հակառակն ենք անում: Քաղաքի դրենաժային համակարգը չի բավարարում եւ համակարգը չի կարողանում ջուրը քաղաքից դուրս բերել: Այստեղ նաեւ քաղաքաշինության խնդիր կա. քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել շենքերն այնպես կառուցել, որպեսզի ջրի հոսքին չխանգարեն: Բացի այդ, նախկինում ջուրը հավաքվում, լցվում էր Գետառ, որն այժմ փակել են, դա էլ իր հերթին նշանակություն ունի»:
Բնապահպանի խոսքով, այս խնդիրները լուծման կարիք ունեն. ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել են ստեղծել մասնագետների հանձնաժողով, քննարկել, հասկանալ՝ ինչպես կարելի է լուծում տալ խնդրին, սակայն, անարդյունք. «Հենց սեզոնը անցնում է՝ մոռանում են: Հիմա նույն վտանգը կա նաեւ գարնանը՝ սելաֆի, ջրհեղեղի վտանգ կա, զեկուցել ենք բնապահպանության նախարարությանը՝ քաղաքն անպաշտպան է, որոշեցին ստեղծել հանձնաժողով եւ մոռացան, անցավ, գնաց...»:
Բնապահպանի խոսքով, այստեղ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ բնապահպանության նախարարությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը անելիքներ ունեն, որոնք, սակայն, այդպես էլ ոչինչ չեն անում: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչները եւս ստեղծված իրավիճակում մեծ դերակատարություն ունեն. աղբը շատ անգամ թափում են հենց դիտահորերի մեջ, որն էլ խցանումներ է առաջացնում եւ խաթարում ջրատար համակարգի գործունեությունը. «Այստեղ մշակույթի խնդիր եւս կա, բնակիչներն էլ պետք է հետեւողական լինեն, որ փաստի առաջ չհայտնվեն»:
Նշենք, որ մայրաքաղաքում երկու օր տեղացող անձրեւի հետեւանքով շատ փողոցներ հեղեղվել են անձրեւաջրով, ջուրը լցվել է նաեւ բնակիչների տները: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ջրատար համակարգը այդ փողոցներում խցանվել է տերեւների պատճառով եւ ստեղծվել է այդ իրավիճակը: