Քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված Վազգեն Ադամյանն ընտրվեց Ճամբարակի քաղաքապետ
Ճամբարակում քաղաքապետ է ընտրվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված և լրագրողին հայհոյած Վազգեն Ադամյանը:
ԿԸՀ հրապարակած արդյունքների համաձայն՝ Ադամյանը ստացել է 4 հազար 3 հարյուր 49 ձայն, իսկ գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը՝ 1424:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանը նկարահանել էր՝ ինչպես է Վազգեն Ադամյանն ընտրատեղամասում քվեախցիկից ներս նայում՝ ստուգելու, թե ում է քաղաքացին ընտրում: Բացի դրանից, Ադամյանը հայհոյել էր ռադիոկայանի լրագրողին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ընտրողին ուղղորդելու համար Ադամյանը մեղավոր ճանաչվեց եւ տուգանվեց 500 հազար դրամով: Լրագրողի գործունեության խոչընդոտման մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս որոշումը բողոքարկվել է: