Իրանը և Թուրքիան մատնանշել են կովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
Իրանն ու Թուրքիան տարածաշրջանային «3+3» հարթակն անվանել են հարմար՝ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության համար։ Այս մասին ասվում է Անկարայում երկու երկրների նախագահների ընդունած հայտարարության մեջ, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Կողմերն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Ընդգծելով տարածաշրջանային և միջազգային ջրերում, ներառյալ Կարմիր ծովում, նավագնացության անվտանգության պահպանման կարևորությունը՝ երկու երկրների նախագահները տարածաշրջանային լարվածության սրումը և Կարմիր ծովում տիրող իրավիճակը համարել են Իսրայելի ռեժիմի գործողությունների արդյունք՝ մատնանշելով իսրայելական հանցագործությունները կանխելու համար վճռական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Կողմերը նաև նշել են քաղաքական բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։