«Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց ավելի ենք ուժեղանում»․ Իրանի դեսպան
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի Քերման քաղաքում հունվարի 3-ին գրանցված ահաբեկչական պայթյունների հեղինակները վրեժխնդիր են լինում՝ վախենում են Ղասեմ Սոլեյմանիի համակիրներից, ուզում են իրենց քաղաքականությունը պարտադրել մեզ, վախի մթնոլորտ ստեղծել իրանցի ժողովրդի շրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանությունում այսօր սգո մատյան է բացվել, որում պաշտոնյաները, քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ իրենց ցավակցական գրառումներն են թողնում տասնյակ կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ։ Նախօրեին ահաբեկչական այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Երկար տարիներ է, որ նրանք ոճրագործ քայլեր են իրականացնում մեր դեմ։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեծ դերակատարություն է ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում, և նրանք հայտարարել են, որ ստանձնում են ահաբեկչության պատասխանատվությունը։ Նրանք նպատակ ունեն իրանցի ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ստեղծել, բայց իրենց գործողություններով ավելի են ուժեղացնում Իրանն ու երկրի իշխանություններին»,- հայտարարել է Սոբհանին։
Հիշեցնենք, որ Իրանի Քերման քաղաքում ահաբեկչական երկու պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 89 մարդ։