ԵԱՏՄ Մաքսային միությունից ակնկալիքներն ավելի շատ էին. Սերժ Սարգսյան
ԵԱՏՄ Մաքսային միությունից ակնկալիքներն ավելի շատ էին: Այդ մասին Business FM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով, թե արդյոք երկու տարի անց ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված սպասումներն արդարացվել են:
«Իհարկե, ակնկալիքներն ավելի շատ էին: Այն իրավիճակը, որ ստեղծվեց համաշխարհային տնտեսությունում, ռուսական տնտեսությունում, նվազեցրեց Եվրասիական միությանը մեր անդամակցությունից ակնկալվող ազդեցությունը: Բայց, ամեն դեպքում, ազդեցությունն ակնհայտ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը պարզաբանել է, որ ռուսական արժույթի արժեզրկումը բացասական ազդեցություն է թողել Հայաստանի եկամուտների վրա: Նրա խոսքով՝ ամենակարևորը ռուբլու կայունությունն է: Այն Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի սպառման գրավականն է:
«Այն մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման գրավականն է, որովհետև պայմանագիրը միշտ չէ, որ ռուբլիով է կնքվում, գործարարն այստեղ իր տնտեսությունը վարում է դրամով: Ե՛վ ռուբլին, և՛ դրամը կապված են դոլարի հետ»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ Հայաստանում շատերը թեև կասկածում էին, բայց մեծամասնությունը՝ ոչ:
«Այդ պատճառով ստիպված չենք խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշման ճիշտ լինելու մասին, և արդյունքներն այդ մասին խոսում են: Մենք ճիշտ ընտրություն ենք արել, առաջին արդյունքները մենք տեսնում ենք: Նախ՝ սկսած 2016 թվականից տնտեսական իրավիճակը մեզ մոտ կայունացել է: Կար փոքր, բայց այնուամենայնիվ որոշակի աճ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի 5 տոկոսի աճ: Անցած տարի գրանցվել է ինչպես Ռուսաստան, այնպես էլ ԵԱՏՄ երկրների շուկաներ արտահանումների աճ, և 2017 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մոտ 34 տոկոսի աճ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում Հայաստանն առաջին հերթին հետապնդել է Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացման, ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացման նպատակներ:
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդել ենք հենց այդ նպատակները, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացումը: Անցած տարի գյուղատնտեսական ոլորտում Ռուսաստան մեր արտահանման աճը կազմել է մոտ 40 տոկոս: Այս տարի ցուցանիշները փոքր-ինչ ավելի ցածր են, բայց 35 տոկոսից բարձր են»,- ասել էր ՀՀ նախագահը: