Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի
Վերջին ամիսներին ՆԱՏՕ-ն, որի կենտրոնում ԱՄՆ-ն է, մտադրվել է Հարավային Կովկասում գերիշխանություն հաստատելու միջոցներ ձեռնարկել՝ միանգամայն նպատակաուղղված ծրագրերով, ուստի առճակատման մեջ է մտել Ռուսաստանի հետ։ Այս մասին գրել է Tabnak իրանական պարբերականը, որը հրապարակել է հարցազրույց Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի գծով խորհրդական, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթիի հետ։
«Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի անուշադրության իրավիճակում Իրանը բացահայտ դիրքորոշում է որդեգրել եւ նախազգուշացրել, որ իր համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում։ Դա կապված է այն բանի հետ, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետությունը փորձում են Իրանին ներքաշել էթնիկ հակամարտության մեջ... Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի ժամանակ այդ իրավիճակը խորացել է։ Կարո՞ղ են արդյոք այդ միջոցներն օգնել Թուրքիայի պլաններին։ Իսլամական հանրապետության կարծիքով՝ Գերագույն առաջնորդի հայտարարության համաձայն, ներկայիս սահմանները որեւէ կերպ չեն փոխվելու»,- նշել է Վելայաթին։