Պետրոսյաններն ԱՄՆ-ում խավիարի ամենահայտնի մատակարարն են
Forbes Russia ամսագրում հոդված է հրապարակվել Միացյալ Նահանգներ խավիարի ներկրման, սպառման ծավալների մասին, որտեղ նշվում է նաև, որ Պետրոսյանների հայ ընտանիքն այսօր ԱՄՆ-ում խավիարի ամենահայտնի մատակարարն է:
Ընտանիքը փախել է Ռուսաստանից հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և խավիարային բիզնես է հիմնել Փարիզում դեռ 1920-ական թվականներին: Ամերիկյան շուկա Պետրոսյանները դուրս են եկել 1980-ին և այժմ հանդիսանում են խավիարի խոշորագույն առաքողներն ԱՄՆ: Սա տեղի է ունեցել իրանական խավիարի ԱՄՆ ներմուծման էմբարգոյի ֆոնին՝ 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո:
Պետրոսյաններն այժմ խավիարի, ֆուագրայի և ապխտած սաղմոնի ամենահայտնի արտադրողներն են աշխարհում: Նրանց ամենամյա եկամուտը հասնում է 50 մլն դոլարի:
Նրանք հպարտանում են ԱՄՆ ռուսական խավիարի առաքման բացառիկ իրավունքով: Քրիստիան Պետրոսյանը հաճախ ասում է, որ իրանական խավիարը չի համեմատվի ռուսականի հետ. «Իրանում խավիար գնելիս չեք կարող այդքան վստահ լինել որակի առումով»:
1980-ականներից հետո Պետրոսյանների խավիարային ռեստորանները սկսեցին բացվել ԱՄՆ ամբողջ տարածքում՝ Նյու Յորքից մինչև Լոս Անջելես: 1984-ին բացվեց հանրահայտ «Մանհեթեն» արթ-դեկո ոճով ռեստորանը:
Պետրոսյանները և խավիարի մյուս մատակարարները գիտեն, որ այս բիզնեսը կախված է քաղաքականությունից, իսկ քաղաքականության քամին կարող է ամեն րոպե փչել այլ ուղղությամբ: Եթե միջուկային համաձայնագրով Իրանից ներկրումների էմբարգոն չեղարկվի, իրանական խավիարը կարող է նորից վերադառնալ ԱՄՆ: Եթե սա տեղի ունենա, խավիարի գները կիջնեն և սա կվնասի Պետրոսյաններին:
Սակայն խավիարը երբեք էժան չի դառնա, այն պարզապես կլինի շամպայնի պես տարածված և ամենուր:
Լուսանկարում Արմեն Պետրոսյանն է՝ Փարիզի իր հանրահայտ բուտիկում: