Ժնեւ. նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում,- ասվում է հայտարարության մեջ:- Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Մոտ ապագայում համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ արտգործնախարարների հետ»: