Ռուսաստանը սպառնացել է ևս 150 ամերիկացի դիվանագետի արտաքսել
Մոսկվան քննարկում է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության շուրջ ստեղծված իրավիճակի արձագանքի տարբերակները և չի բացառում, որ Վաշինգտոնից կպահանջի «իսկական հավասարություն հաստատել դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվի առումով»: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում քննարկում են «Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու հարցը՝ թողնելով մինչև 300 մարդ»: Հուլիսի վերջին Ռուսաստանը հանձնարարել է կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները 755 մարդով՝ թողնելով 455 աշխատակից:
«Եթե նրանք իրենց այդ կերպ են պահել, նշանակում է՝ նրանք համաձայն են, որ մենք կարող ենք հայելային վարվել Ռուսաստանում իրենց օտարերկրյա հաստատությունների հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, մենք դրանք կդիտարկենք, և եթե պահանջվի՝ դրանք կկիրառվեն»,- պարզաբանել է Բորիսենկոն:
Նա հավելել է, որ 455 թիվը, որ Մոսկվան առաջարկել էր Վաշինգտոնին ամերիկյան անձնակազմի առնչությամբ՝ ռուսականի հետ հավասարության բերելու համար, ներառում էր նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցներին: Սակայն նրանք չեն զբաղվում երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերություններով:
«Դա զուտ մեր բարի կամքն է եղել»,- նշել է դիվանագետը: