Ադրբեջանին զայրացրած թուրք քաղաքական գործիչը պատմել է Արցախ այցի մասին
Սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած և Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի 4 քաղաքացիներից թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» պատմել է արցախյան ճանապարհորդության մասին:
«Երբ հայաստանյան մեր այցի ժամանակ ասացին՝ կցանկանա՞ք տեսնել Արցախը, շատ ոգևորվեցի: Բացառությամբ Հայաստանի ոչ մի երկրի կողմից չճանաչված Արցախի՝ այդ փակ տուփի մեջ ի՞նչ կա՝ ցանկանում էի տեսնել: Թուրքիայից նման պատվիրակության Արցախ այցը նշանավորվեց որպես պատմական այց», - պատմում է Ուրասը:
Թուրք քաղաքական գործիչը խոսել է Ադրբեջանի սպառնալիքի պատճառով այդպես էլ չգործարկված Ստեփանակերտի օդանավակայանի, ինչպես նաև իրեն անչափ տպավորած Դադիվանքի մասին, որը մինչ Արցախի ազատագրումն օգտագործվել է որպես ախոռ, իսկ ներսում կրակ վառելու հետևանքով պատի վրա սև հետքերը երևում են մինչ օրս:
Ուրուսը նշել է, որ իրենք անչափ տպավորվել են Արցախի ժողովրդի դրական արձագանքից, որոնք Թուրքիայից զբոսաշրջիկների տեսնելով՝ խնդրել են թարգմանչին իրենց շնորհակալությունը փոխանցել նրանց Արցախ հասնելու համար:
«Մենք չենք ցանկանում այսօր առկա խնդիրները ժառանգություն թողնել մեր թոռներին: Երբ զբոսնում ես Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում ու զմայլվում աննման աշխատանքներով, հասկանում ես. կա մի ուրիշ աշխարհ, որը մենք երբեմն չենք տեսնում: Կարևորը, որ այդ աշխարհը չմնա թանգարանների ներսում միայն», - ասել է Ուրասը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած չորս թուրք մտավորականի նկատմամբ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և նրանց ձերբակալությունն իրականացնելու համար դիմել Թուրքիայի համապատասխան մարմիններին:
Այս տարվա սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: