Հայտնի է դարձել Էրդողանի՝ Իրան մեկնելու ամսաթիվը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի իսլամական հանրապետություն կայցելի հոկտեմբերի 4-ին, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի հետ կքննարկվեն տարածաշրջանային մի շարք խնդիրներ և գլխավորապես Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:
Նույն ժամանակահատվածում հաղորդվել էր, որ Թուրքիան և Իրանը պատրաստվում են ռազմական գործողություն սկսել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ: