Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ-ում թուրք նախկին նախարարի դեմ մեղադրանքները կապում է գյուլենականների հետ
Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է Նյու Յորքի դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի դեմ հարուցված քրեական գործը: Ըստ Թուրքիայի՝ ամերիկյան կողմի այս քայլը հատուկ միտում ունի, և թուրքական կողմն այն կապում է անցյալ տարվա հեղաշրջման փորձի ու դրա կազմակերպիչների հետ:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, գյուլենականներն այսպես ցանկանում են ամերիկյան արդարադատության համակարգի միջոցով ավարտին հասցնել այն, ինչը չհաջողեցին ռազմական հեղաշրջման փորձի միջոցով:
Բոզդաղը պնդել է, որ Չաղլայանն Իրանի հետ համագործակցելով՝ որևէ անօրինական բան չի արել և այդ ժամանակաշրջանում, լինելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար, գործել է իր երկրի շահերից:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Չաղլայանն ԱՄՆ-ում մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպես նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Նրան սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: