«ProtonVPN»-ից օգտվելու հիմքով մեղադրանքը նույնն է, եթե գողերը «Մերսեդեսով» բանկ թալանեն՝ ասենք՝ բոլոր «Մերսեդես» քշողները հանցագործ են
«ProtonVPN»-ից օգտվելու հիմքով մեղադրանքը նույնն է, եթե գողերը «Մերսեդեսով» բանկ թալանեն՝ ասենք՝ բոլոր «Մերսեդես» քշողները հանցագործ են. Սամվել Մարտիրոսյան
Գոյություն ունեն VPN ծրագրեր, որոնք թույլ են տալիս մարդուն անանուն օգտվել ինտերնետից, որպեսզի չերևա, թե ինքը ինչով է զբաղված համացանցում։ Իրականում հիմա ահռելի քանակով VPN ծրագրեր կան, որոնցից մեկը «Proton»-նն է, որը առավել հայտնի է որպես վստահելի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մեծ հաշվով «ProtonVPN»-ից օգտվողները քիչ չեն, Հայաստանից առնվազն մի քանի 100 օգտվող կա, որոնցից մեկն էլ ես եմ։ Ասել, որ եթե դու «ProtonVPN» բջջային հավելվածից ես օգտվում՝ հետևաբար որևէ առնչություն կարող ես ունենալ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի հետ, դա նույնն է, որ ենթադրենք գողերը «Մերսեդեսով» են բանկ թալանելու, դա չի նշանակում, որ բոլոր «Մերսեդես» քշողները հանցագործ են։ Սա բացարձակ չի կարող ապացույց համարվել, կարող է փաստարկներից մեկը լինել։ Միգուցե, դա թույլ է տալիս նեղացնելու կասկածյալների շրջանակը, բայց եթե բոլոր «Մերսեդես» քշողներին բերես լցնես բանտ՝ դա աբսուրդ է։ «ProtonVPN»-ն իրականում շատ գաղտնի ծրագիր չէ, որի մասին շատ քչերը գիտեն, հետևաբար, դա կարող է որևէ բան հուշել, ինքը շատ տարածված ծրագիր է։ Միայն սրա հիման վրա որևէ եզրակացություն անել հնարավոր չէ»,-ասաց Մարտիրոսյանը։