Պետպատվերով բուժօգնության կարգը կփոխվի
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որով սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը կփոփոխվի:
Ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատությունների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ:
Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս:
Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել հիվանդանոցային օղակի բժշկական հաստատությանը, որը փաստացի պետք է մատուցի ծառայությունը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և շահառուի կողմից ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ:
Այժմ պետական ծառայողները կարող են միանգամից դիմել այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել:
Նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները ներկայացնելու են միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի։ Սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը եւ բժշկական ապահովագրությունը։
Արդեն կառավարության նիստից հետո Լեւոն Ալթունյանը նշեց, որ այս համակարգում ընդգրկվել են 80-100 հազար շահառու. «Եթե ամեն ինչ բարեհաջող և հարթ անցնի, վեց ամիս հետո մենք կառաջարկենք մի որոշման նախագիծ, որով ևս 612 հազար մարդ կանցնի այս բանաձևին և այդ գործընթացի հաջողության դեպքում ևս մեկ տարի հետո կառաջարկենք համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրություն»: