Երեքշաբթի, 17 Հունվարի 16:52
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Հայաստանում փոփոխություններն անհրաժեշտություն են

2016-05-18 19:19:55

Ինչպես հայտնել էինք, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին:

Հայտարարությունում նշված էր, որ իրենց խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ:

«Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ: Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքային պայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները»,-մասնավորապես ասված էր այդ հայտարարությունում:

Իսկ այսօր արդեն «Հեռանկար» կենտրոնում «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի շրջանակներում կայացել է սեմինար-քննարկում՝ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով, որին մասնակցել են քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները և այլոք:

Սեմինարը վարում էր եւ զեկույցով հանդես եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա մասնավորապես նշեց, որ պետք է փորձել անցումային փուլի համար այնպիսի մոդել կառուցել, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրները լուծել. հակառակ դեպքում Հայաստանի զարգացումը վտանգված կլինի:

Քաղաքագետ Արթուր Ղազինյանն էլ իր հերթին կարեւորեց զարգացման մոդելի ընտրության հարցը: Նա ընդգծեց, որ ժամանակն է ընդունել եւ հասկանալ, որ զարգացման համար միակ ճիշտ եւ ընդունելի մոդելն արեւմտյանն է: Ընդ որում, նա հատուկ ընդգծեց, որ խոսքը ոչ թե ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին է, այլ զարգացման մոդելի: Քաղաքագետը համոզված է, որ նեոսովետական մոդելն իրեն սպառել է:



Իսկ ահա Հմայակ Հովհաննիսյանը կարեւորեց Արցախի խնդիրը շեշտելով, որ Արցախի հետ հարեբրությունները պետք է տեղափոխվեն իրավական հարթություն: Նա նաեւ կարեւորեց, որ առանց Արցախի համաձայնության որեւէ փաստաթուղթ չստորագրվի, որը կվերաբերվի ԼՂՀ-ի ներկային եւ ապագային:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ առաջարկեց կենտրոնանալ խնդիրների վրա, հասկանալ, թե որն է մեր հիմնական անելիքը եւ նոր առաջ շարժվել: Նա համոզված է, որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե անձերն են, այլ այն, որ մենք մինչ օրս չենք առանձնացրել այն խնդիրները, որոնք առաջնային լուծման անհրաժեշտություն ունեն:



«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին ասել է.



-Եթե լուրջ համախմբում եղավ և փողոցում ժողովուրդ եղավ, ապա համոզված եմ՝ խնդիրները որոշ չափով կլուծվեն: Հակառակ դեպքում, միայն տեսական քննարկումներով գնալ 2017թ. ընտրություններին չի լինի: 


Հարությունյանի համոզմամբ, այս կոլապսից դուրս գալու համար համախմբում է անհրաժեշտ, և նա ողջունել է համանուն՝ «Համախմբում» կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, և նրա գաղափարախոսությունը: 

Խնդիրների լուծման համար առաջին հերթին արդար կառավարում է պետք: Այս մասին սեմինար-քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ, անդրադառնալով պատերազմի ու ժողովրդավարության հարցերին՝ ասել է, որ պատերազմները պատմության ընթացքում մեծ ազդեցություն են ունեցել պետականության ձևավորման վրա, որովհետև դրանք ստիպում են ձևավորել ուժեղ բյուրոկրատիա ու տնտեսական մոդել:

-ՀՀ կառավարման մոդելը մի առանձնահատկություն ունի՝ ձևավորվել է ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Անկախության տարիների ընթացքում ՀՀ բյուրոկրատիան 2 շոկ է ապրել՝ 2008-ին, որը ստիպել է բացվել և, որից հետո փորձեցին տարբեր խնդիրների մասին ավելի ակտիվ խոսել, բայց երբ տեսան, որ ընդդիմությունը թուլանում է, բյուրոկրատիան հետ հավաքվեց: Մյուս շոկն ապրիլյան պատերազմից հետո էր, որից հետո ևս սկսեցին ավելի հաճախ խոսել տարբեր խնդիրների մասին,-ասել է բանախոսը՝ շեշտելով, որ հիմա բյուրոկրատիան ինչքան էլ փորձի փակ մնալ, պետք է գնա որոշ փոփոխությունների:



Հայաստանում քաղաքական համակարգը չի գործում եւ որոշումները շատ անհասկանալի տեղերում են կայացվում՝ անհասկանալի մարդկանց միջոցով: «Հեռանկար» կենտրոնում նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:



2007-ից հետո Արցախում ստեղծվել էր պախանային համակարգ. կար մի հոգի, որին բոլորը հարցնում էին՝ ինչ անել, ով համակարգը մարտահրավեր էր համարում էր իր գոյությանը: Իր հերթին քննարկման ժամանակ ասաց Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:



Իզուր չէր, երբ այդ ժամանակ մարդիկ երբեք անուն չէին տալիս, ասում էին՝ «ինքը», «առաջինը», անուն հայրանունով, բայց վախենում էին անուն տալ: Դա մի համակարգ էր, որը որոշակիորեն փոփոխություն կրեց 2012-ին,-ասել է նա՝ ընդգծելով, որ մինչ այդ ընդդիմությունն ընդունվում էր որպես չարիք, հավասարեցվում էր Ադրբեջանի հետ, քաղաքացիական հասարակությանը համարում էին տարբեր երկրների լրտեսներ, բայց 2012-ին չկարողացան ասել, որ ընդդիմությունը թշնամի է:

Նրա խոսքով՝ այս ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ պախանային համակարգը կազմալուծվում է:

Սեմինարին մասնակցող քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն էլ ասել է.



-Պետք է ձեւավորել մի համընդհանուր օրակարգ, որը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կլինի նոր, համախմբված ընդդիմության ծրագրային փաթեթը: Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե իրենք այս բևեռին ձայն տան, ի՞նչ են ստանալու: Կարևոր է, որ բազմաթիվ ուժեր ներգրավված լինեն այս գործընթացում, և իրական պատասխանատվության բաշխում տեղի ունենա,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ ինքը ներկայիս քաղաքական իրավիճակը փոխելու այլ ձև չի տեսնում:

Սեմինար քննարկմանը մասնակցում է նաեւ քաղաքագետ Գեղամ Նազարյանը, որն իր խոսքում կարեւորեց Հայաստանի առողջացման, ժողովրդավարացման խնդիրը: Ըստ բանախոսի՝ եթե ուզում ենք Արցախում հաղթանակ լինի, պետք է հզոր Հայաստան ունենանք, զարգացած տնտեսություն, զարգացած ժողովրդավարական համակարգ եւ ամենակարեւորը՝ ազատ եւ արդար ընտրություն:



- Երբ իշխանությունը ձեւավորվում է հակառակ ժողովրդի կամքի՝ ձեւավորվում է կլան եւ 1-1.5 կուսակցություն, որը պարտադրում է հետընթացի իր մոդելը
,- ասել է նա՝ ընդգծելով՝ եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական, առողջ տնտեսություն, հսկայական բյուջե ունեցող երկիր՝ Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնի մեկ կրակոց արձակել հայկական կողմի ուղղությամբ:

Գեղամ Նազարյանն ասել է, որ մեզ պետք է կամք, ուժ, ցանկություն խնդիրներ առաջադրելու համար:


Սեմինարի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Երվանդ Բոզոյանը, շեշտելով նաեւ, որ նման սեմինար-քննարկումները կկրեն պարբերական բնույթ, քանի որ սեմինարի կազմակերպիչները խնդիր են դրել նման քննարկումների օգնությամբ իրատեսական եւ զարգացման ծրագիր կազմել Հայաստանի առաջիկա հինգ տարիների զարգացման համար: 



Top-News.am

Լուսանկարները՝ vesti.am/



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan