Երկու հարց, որը բերելու է ոչ միայն բարոյական պատասխանատվության
Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլիացիոն փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից։
Հիմա հարցը.
Փաշինյանն այն քննարկե՞լ է կառավարության անդամների հետ, թե ոչ: Կարեւոր է պատասխանը՝ ի՞նչ վերաբերմունք ունեն կառավարության անդամներն անհատապես՝ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, նախարարներ Զարուհի Բոթոյանը, Արսեն Թորոսյանը, Ռուստամ Բադասյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Զոհրաբ Մնացականյանը, Հակոբ Արշակյանը, Տիգրան Խաչատրյանը, Արայիկ Հարությունյանը, Ռոմանոս Պետորսյանը, Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը, Ատոմ Ջանջուղազյանը։
Նրանք համակարծի՞ք են, նրանք դնո՞ւմ են իրենց ստորագրությունն այս փաստաթղթի տակ։ Ոչ միայն առկա քաղաքական զարգացումների, այլ պատմության համար շատ կարեւոր է սա հասկանալ։
Մինչ այս պահը կառավարության անդամները ստոր լռություն են պահպանում: Հասարակության, մամուլի եւ քաղաքական ուժերի խնդիրն է նրանց ստիպել խոսել։
Նույն հարցադրումը հավասարաչափ վերաբերում է այս կառավարությունը ձեւավորած ԱԺ մեծամասնությանը: 88-ը հատ-հատ պետք է պատասխան տան՝ համաձայն են, թե՝ ոչ, կիսում են Փաշինյանի հետ պատմական պատասխանատվությունը, թե՝ ոչ: Հանրությունը սպասում է ոչ թե նրանց «ցավում ենք» կամ «ափսոսում ենք» ոչինչ չասող արտահայտություններին, այլ հստակ գնահատականներին:
Մյուս հարցը, որ սրվելու է առաջիկայում, երբ հայտնի դառնան զոհերի եւ վիրավորների իրական թիվը, հետեւյալն է.
Ինչպե՞ս են վերաբերում Նիկոլ Փաշինյանի այսօր արած այն սահմռկեցուցիչ հայտարարությանը, թե կարելի էր երկու տարի առաջ պայմանավորվել հանձնել հինգ շրջանները, բայց նախընտրել է առանց պայքարի չվերադարձնել դրանք: Այդ, այսպես կոչված, պայքարի արդյունքում հազարավոր զոհեր ունենք, մի քանի հազար վիրավոր, ընդհատված ճակատագրեր, ավերված քաղաքներ, կորցրած տարածքներ:
Կառավարության անդամների եւ իմքայլականների լռությունն անբարոյականություն է։ Հատ-հատ պետք է պատասխան տաք՝ կառավարության անդամներ եւ 88. Դուք համաձա՞յն եք Փաշինյանի հրեշավոր կարծիքին, որ զոհերով կապիտուլյացիան ավելի լավ է, քան խաղաղ փոխզիջումը։
Գեղամ Նազարյան
Top-News.am