Դատարկ խոստումների կառավարությունը կամ ով է հիշում «պադավատների» մասին
Ժողովրդին տված խոստումներով եւ դրանք չկատարելու ցուցանիշով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, վստահաբար կարելի է պնդել, աշխարհում վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը: Հիմա չթվարկենք այն խոստումները, որ տրվել էին, պարզապես կանգ առնենք մեկ վրա՝ «պադավատների»:
Իշխանության ղեկի մոտ հայտնվելուց հետո իմքայլականները վստահեցնում էին, որ նախարարները աշխատանքի են գնալու եւ աշխատանքից տուն են վերադառնալու մետրոպոլիտենով, ավտոբուսներով, անգամ «Գազել»-ներով, հեծանիվներով, ոտքով, եւ որ ազատվելու են ծառայողական ավտոմեքենաներից:
Դեռ 2018թ. սեպտեմբերին, ուղիղ երկու տարի առաջ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ քննարկվում է ոչ միայն կառավարության, այլեւ ամբողջ պետական համակարգի մեքենաների կրճատման հարցը:
Ավելին, նա պնդել է, թե ծրագրում են ծառայողական ավտոմեքենաները կրճատել 90 տոկոսով: «Կրճատումներից հետո չի նշանակում, որ պաշտոնյաները կմնան առանց մեքենա, մի քանի տարբերակներ ենք քննարկում: Հնարավոր է, որ որեւէ մեկ տաքսի ծառայության հետ աշխատենք կամ ծառայողական մեքենաների թիվը կրճատենք ու սահմանենք հերթապահության համակարգ: Այսինքն՝ քիչ ավտոմեքենաներ կծառայեն շատ թվով պաշտոնյաների»,- ասել էր Աղաջանյանը:
Անցել է երկու տարի, ոչ ավտոմեքենաներն են 90 տոկոսով կրճատվել, ոչ էլ տաքսի ծառայության հետ պայմանագիր է կնքվել: Բացառված չէ, որ Աղաջանյանը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա չեն կարողացել տաքսի ծառայություն ստեղծել եւ պայմանագիր կնքել կառավարության հետ:
Իսկ երկու տարի առաջ Աղաջանյանը հավաստիացնում էր, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատումով բյուջեն խնայելու է 4-5 միլիարդ դրամ: Երկու տարվա ընթացքում կառավարությանը եկավ այն եզրահանգման, որ բյուջեն ավելի լավ է լցնեն այլ ճանապարհներով, օրինակ, մարդկանց համատարած տուգանելով կամ ստիպելով երկու շիշ օղի ավելի քիչ խմել եւ ավելի քիչ ծխել:
2018թ. սեպտեմբերից անցել է երկու տարի. Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում իր ընտանիքին սպասարկող ավտոմեքենաները համալրեց նորերով, թանկարժեքներով: Վարչապետին ուղեկցող ավտոմեքենաների թիվը գերազանցում է մեկ տասնյակը, նախարարները համառորեն չեն երթեւեկում մետրոպոլիտենի վագոններով կամ հեծանիվներով:
Մենք գործ ունենք դատարկ խոստումների կառավարության հետ: Կառուցելու ենք, մաքրելու ենք, վերականգնելու ենք, կանաչապատելու ենք, նորացնելու ենք, եւ այլն եւ այլն: Խոստանում են եւ խոստանում, իսկ դրանք կատարելու մասին չեն էլ մտածում:
Top-News.am