ԱԱԾ-ն «հեղափոխականացնելու» հնարավոր ծանր հետեւանքները
ԱԱԾ-ն «հեղափոխականացնելու» եւ նույնիսկ կազմաքանդելու կոչ եւ առաջարկներ հնչում էին դեռ 2018թ. Ապրիլ-մայիսյան իրադարձություններից անմիջապես հետո, բայց հատկապես Դավիթ Սանասարյանի դեմ այս տարվա ապրիլին քրգործի հարուցումից հետո որոշ շրջանակներ, որոնք սնվում են միջազգային կազմակերպություններից, ավելի ակտիվացրին իրենց գործողություններն ու քայլերը:
Հիմա նրանք ավելի ակտիվ են: Այսօր նրանք արդեն բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց, պահանջելով այն վերածել «հեղափոխական» կառույցի: Նրանք, ովքեր «հեղափոխականացնում» էին պետհամալսարանը, փակելով դուռն առողջական խնդիրներ ունեցող ռեկտորի վրա, ովքեր մարդու առեւանգմամբ էին զբաղվում Երեւանի կենտրոնում եւ դրանով հպարտանում, կանգնելով ԱԱԾ-ի դիմաց իշխանություններից պահանջում էին այն «հեղափոխականացնել»:
ԱԱԾ-ի դեմ գործողություններն ակտիվացան հատկապես ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցից հետո: Հետաքրքիր գործընթաց է սկսվել. Դրսից սնվող «իրավապաշտպանները», «քաղհասարակության ակտիվիստներն» ինքաբացահայտմամբ, յուրօրինակ ինքնալյուստրացիայով են զբաղված:
Մեկը մյուսի ետեւից իրենց մասին հիշեցնում են դրսից սնվող եւ դրանով իրենց գործունեությունը ծավալողները, որոնք հիմա փորձում են ճնշում գործադրելով կառավարության վրա հասնել նրան, որ ԱԱԾ-ն կամ կազմաքանդվի կամ անցնի իրենց նախընտրած մարդու կամ մարդկանց ղեկավարության ներքո:
Այս օրերին արդեն ակտիվ լուրեր են շրջանառվում, որ որոշ ուժեր ցանկանում են ԱԱԾ ղեկավարի պաշտոնում տեսնել սկանդալային Վահե Գրիգորյանին կամ նրա մերձավորին՝ Տիգրան Եգորյանին:
Այսօր ԱԱԾ-ի, Արթուր Վանեցյանի դեմ գրառում է արել ոչ անհայտ Դանիել Իոնիսյանը, որը չի էլ թաքցնում, որ իր երազանքը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն է, եւ որը սկանդալային եւ սադրիչ գրառումներով միշտ է աչքի ընկել:
Իոնիսյանը հիմա էլ նեղսրտում է, թե ինչու ուժային կառույցներն իրենց թույլ չտվեցին մինչեւ վերջ իրականացնել Նարեկ Մալյայնին առեւանգելու օպերացիան: Վանեցյանին քննադատում է, որ նա դեմ է եղել Ռուստամ Բադասյանին, իրենց 28-ամյա ընկերոջը Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելուն:
Ոչինչ, որ Իոնիսյանը գրառումն արել է տառասխալներով, կարեւորն այստեղ այն է, որ մենք հասկանում ենք, թե ինչ նկրտումներ ունի նա եւ իր համախոհները:
Ինչ վերաբերում է տառասխալներին, ապա գուցե հենց սա է պատճառը, որ նրանք ամեն ինչ անում են բուհերից հայոց լեզուն եւ գրականությունը դուրս մղելու համար:
Իր գրառմանն ավելի սուր բնույթ հաղորդելու համար եւ ցանկանալով վիրավորել Արթուր Վանեցյանին, Իոնիսյանը նրան չեկիստ է անվանում:
Այժմ շատ հստակ է, որ որոշ ուժեր, որոնց ներկայացուցիչներին մենք վերջերս հասցրեցինք ճանաչել, խնդիր են դրել կազմաքանդել ԱԱԾ-ն, հասկանալով, որ դրանով ծանր հարված են հասցնելու Հայաստանի անվտանգության համակարգին: Նրանք, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ԱԱԾ-ն «հեղափոխականացնելու» կոչը, ապա հուշենք, որ այն ընդամենը ենթադրում է Հայաստանը բաց դաշտ դարձնել ամեն տեսակ ահաբեկիչների, միջազգային հանցագործների, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա զինված այս կամ այն խմբավորումների համար՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:
«Եթե ուժային համակարգը չզտվի կոռուպցիոներներից, ապա նախկին սիստեմի մոբիլիզացիան կլինի անխուսափելի»,- փորձում է հանրությանն ահաբեկել Իոնիսյանը, փորձելով իրենց վտանգավորության նախաձեռնության համար համակիրներ հայթհայթել:
ՍԴ, բանակ, հիմա էլ ԱԱԾ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am