Արայիկ Հարությունյանի հեռանալով ոչինչի չի փոխվի. նա նախաձեռնող չէ, նա կատարող է. Վիգեն Ստեփանյանը՝ հայերենի և պատմության դասավանդման նախագծի մասին
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք հյուրընկալել են դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին, ում հետ խոսեցին մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և անելիքներից:
Ըստ Վիգեն Ստեփանյանի, եթե Արայիկ Հարությունյանը հեռանա պաշտոնից, ոչինչ չի փոխվելու: «Ես ունեմ վառ օրինակ. գնաց Լիլիթ Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը, և վիճակը էլ ավելի վատթարացավ։ Հիմա եկել է Արա Խզմալյանը։ Սպասում ենք, թե ինչ կլինի, բայց արդեն պարզ է, որ նա նախաձեռնող չէ, նա կատարող է: Գալիս են կատարողներ, նախաձեռնում են ուրիշ մարդիկ, ուրիշ առանձնասենյակում նստած»,- ասաց նա:
Նա հարց բարձրացրեց, որ միթե հնարավոր չէր հայտարարել մրցույթ՝ լավագույն ֆիլմ կամ լավագույն ներկայացում անվանակարգ` նվիրված Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին, որոնց 150-ամյակն է այս տարի: Ըստ դերասանի` թատրոնում այսօր ռեֆորմներ են պետք:
«Թատրոնում կան դերասաններ, որոնք ամեն օր են բեմ դուրս գալիս, բայց կա դերասան, որ ամիսը մեկ կամ երկու անգամ դուրս է գալիս, բայց ստանում է ավելի շատ: Դա անարդար է: Թատրոնը պետք է դառնա այն վայրը, որտեղից դերասանը չցանկանա բացակայել»,- ասաց նա և նշեց, որ եթե թատրոնը պետական է, ապա ռեֆորմներն էլ պետք է լինեն պետական:
Ինչ վերաբերում է «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դառնալուն, ապա Վիգեն Ստեփանյանը նշեց, որ ինչ-որ տեղ կհամաձայնի հայերենի ուսուցումը ոչ պարտադիր լինելուն բուհերում, եթե լինի փայլուն ուսուցում դպրոցում: