Կարգին Հայկոյի «կարգին» տրանսպորտը
Հասկանալու համար, թե որքան անմխիթար է տրանսպորտի վիճակը Երեւանում պետք է փորձել հանրային տրանսպորտից օգտվել առավոտյան 8,30-9,30 ընկած հատվածում, ինչպես նաեւ երեկոյան 18,00-19,30-ին:
Առաջարկում եմ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանին, նրա տեղակալներին, տրանսպորտով զբաղվողներին փորձել, օրինակ, 19,00-ին հանրային տրանսպորտով Նժդեհի փողոցից հասնել Էրեբունի փողոց: Փորձեք եւ կստանաք անմոռանալի պահեր:
Գալիս է վերջապես 25 համարի միկորավտոբուսը, բայց այն հիշեցնում է ձկների պահածոյի: Մարդիկ միմյանց կպած, մեկը գլուխը դրել է մյուսի ծնկներին, մյուսը այն մյուսի հետույքին, այն մյուսը ձեռքը այն մեկ ուրիշի գլխին: «Գազելը» տեղափոխում էր միաժամանակ 25 հոգու, գուցե եւ 27, բայց բավարարվենք 25-ով:
Հետո եկավ 74 համարի միկրոավտոբուսը: Կրկին նույն սարսափելի պատկերը: Հետո 72-ը: Եւ կրկին նույն խայտառակ տեսարանը:
Մարդը այդ միկրոավտոբուսում կարող է հայտնվել միայն արժանապատվությունը գետնին տալով, ռիսկի դիմելով վնասել առողջությունը: Երիտասարդ կանայք ուրիշ տղամարդու թեւի տակ, ծնկներին, երեխաները հսկա մարմինների ճնշման ներքո: Եթե գերմանացիների ժամանակին ծանոթ լինեին հայկական փորձի հետ, ապա համակենտրոնացման ճամբարներում գերիներին կտեղափոխեին հենց այս եղանակով:
Հիմա փորձեք նույն ժամին Բաղրամյանից կամ Մաշտոցի պողոտայից հասնել Արշակունյաց պողոտա կամ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի մոտ: Ոչ չեք կարող: Անհնար է:
Միանգամից ասենեք, շեշտենք, որ այս խնդիրը նոր չէ, այն չի առաջացել գործող քաղաքապետի կառավարման տարիներին: գուցե փոքր ինչ վատացել է, բայց կարեւորն այդ չէ: Կարեւորն այն է, որ նա է հիմա քաղաքապետը, նա էր խոստանում շատ արագ լուծել տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտն էլ հո աղբահանություն չէ, որ առկա բիզնեսը ինչ-որ մեկից վերցնես դու անես: Տրանսպորտը լուրջ լուծումներ է պահանջում: Ստացվեց, որ Կարգին Հայկոն չի կարգավորում տրանսպորտի խնդիրը: Սա է իրականությունը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am