Հունաստանում 6 զբոսաշրջիկի կյանք խլած փոթորկի ավերածությունները՝ ֆոտոշարով և տեսաշարով
Համացանցում են հայտնվել Հունաստանի Խալկիդիկի շրջանում անձրևով և կարկուտով ուղեկցվող ուժեղ փոթորկի առաջացրած ավերածությունները պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը, գրում է Daily Mail-ը:
Ինչպես հայտնի է, փոթորկի հետևանքով 6 զբոսաշրջիկ է մահացել: Զոհերի թվում են Չեխիայից, Ռումինիայից և Ռուսաստանից զբոսաշրջիկներ:
Չեխ տարեց զույգը մահացել է, երբ ուժեղ քամին քշել է նրանց թրեյլերը, իսկ Ռումինիայի քաղաքացիներ մի կին և 8-ամյա տղա մահացել են Նեա Պլայա քաղաքում ռեստորանի տանիքի փլուզման հետևանքով:
ՌԴ 2 քաղաքացիներ՝ հայր և որդի, մահացել են Նեա Պոտիդեյա քաղաքի հյուրանոցից ոչ հեռու՝ ծառի տապալման հետևանքով:
Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Նրանց մեծ մասը տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել և բուժօգնություն է ստանում հիվանդանոցներում:
Կատաղի փոթորիկը տևել է գրեթե 20 րոպե, որի ընթացքում նաև ծառեր են արմատախիլ եղել, մեքենաներ գլխիվայր շրջվել:
Իշխանությունները Խալկիդիկի շրջանում արտակարգ դրություն են հայտարարել:
Փրկարարական գործողությանը մասնակցել է առնվազն 140 փրկարար, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Վասիլիս Վարտակոյաննիսը: