Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի առաջին հնգօրյակում Ստեփանակերտում ամենավաճառված գրքերի հնգյակը:Առաջին հորիզոնականում Աստվածաշունչն է՝ Հին ու Նոր Կտակարանները:
Երկրորդ տեղում Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպն է: Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպը ներառում է Հարրի Փոթերի պայքարը Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում: Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենածավալուն գիրքն է։
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» նվաճել է մի շարք մրցանակներ՝ ներառյալ այն, որ այն համարվել է 2003 թվականին Ամերիկյան գրադարանի միության ամենալավ գիրքը երիտասարդների համար։ Գրքի հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ:
Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» վեպն է, որը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, ով տան ծառայի որդին է:
Նրանք ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին անցկացրել։ Մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստելով Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ։