Ալիեւը ցույց տվեց, որ Հայաստանում հնչած գաղափարը չի կարող իրականացվել․ Ռուբեն Վարդանյան

Ալիեւն իր հայտարարությամբ ցույց տվեց՝ Հայաստանում առկա գաղափարը, թե Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս, եւ հետո արդեն Արցախի հայերը ներսում կփորձեն պայքարել իրենց իրավունքների համար, չի կարող իրականանալ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ադրբեջանից հստակ ասվել է՝ Արցախի հայեր չկան, նրանք, Ադրբեջանի նախագահի կարծիքով, պետք է ներողություն խնդրեն ողորմածության հույսով, ինչը կարող է եւ չլինել»,- ասել է Վարդանյանը՝ նշելով՝ Ալիեւի հայտարարություններում զարմանալի ոչինչ չկա, քանի որ նա նախկինում միշտ ասել էր, թե, իբր, Արցախում իշխանություն չկա և Արցախում քիչ թվով մարդիկ են ապրում։
«Ալիեւը կոչ է անում հանձնվել եւ ենթարկվել։ Այս տեղեկատվական աշխատանքը շարունակվում է արդեն 1,5 տարի։ Մենք պետք է հանգիստ վերաբերենք սրան։ Մենք ունենք ընտրված նախագահ, ընտրված խորհրդարան։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ունենք մի պետություն, որը կառուցվել է 30 տարի, եւ չնայած իր առավելություններին ու թերություններին՝ այն ունի իր պատմությունն ու իր աշխատող մեխանիզմները։ Մենք պետք է հանգիստ շարունակենք մեր աշխատանքը»,- ընդգծեց Վարդանյանը։