Թուրք ազգայնականների կուսակցությունը երկրորդ փուլում սատարել է Քըլըչդարօղլուին

Թուրքական ազգայնական Zafer կուսակցությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարում է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, համաձայնության շրջանակում թեկնածուն պարտավորվում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում վտարել Թուրքիայից բոլոր անօրինական միգրանտներին եւ փախստականներին։
Ata դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանը երկուշաբթի հայտարարել էր մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։ Իր ելույթում նա ընդգծել էր Թուրքիայից մի քանի միլիոն անօրինական միգրանտների վտարման եւ վտարման ժամանակացույցի մշակման կարեւորությունը, ինչպես նաեւ բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակումը։
Ata դաշինքի մեջ էր մտնում նաեւ Zafer կուսակցությունը, սակայն ընտրություններից հետո այն հայտարարեց դաշինքի փաստացի փլուզման մասին։ Կուսակցությունը նշել էր, որ Օգանն իր անունից է հայտարարությունն արել։ Zafer-ը խորհրդարանական ընտրություններում ստացել էր ձայների 2 տոկոսը եւ չէր անցել խորհրդարան։