ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց

Այս թեմայով
- Դատախազությունը Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԱԺ համաձայնությունը. պաշտպան
- Քաղաքական որոշումը կայացված է. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին
- Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին՝ բարձր․ պատգամավորներն այցելել են Մհեր Սահակյանին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր՝ ապրիլի 3-ին, ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:
Նրան դիմավորեցին ծափերով։ Դիմավորողների թվում էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։