«Բանակցողին պետք է փոխել, հակառակ դեպքում հաջորդ սցենարը պատերազմն է, իսկ Ալիևին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը». Թևան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է:
Զրույցի ընթացքում նա նշել է.
Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն ասում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի առնչվում կազմակերպության (ՀԱՊԿ-ի) իրավասությանը, ՌԴ նախագահի խոսնակը համոզմունք է հայտնում, թե կազմակերպության աշխատանքին միջամտելու և այն կազմալուծելու փորձերը կշարունակվեն: Գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահը հեռապխոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահի հետ, հետո Նիկոլ Փաշինյանը քննադատող ելույթ է ունենում ու չի ստորագրում ՀԱՊԿ-ի առաջարկների փաստաթուղը: Կարելի՞ է ենթադրել, որ այս բոլորը պլանավորված էր, եթե ոչ, ուրեմն նշանակում է՝ Հայաստանը պարզապես լավ դաշնակցային հարաբերություններ չի պահել:
Արդյո՞ք ՀԱՊԿ-ն այն տեղն էր, որտեղ պետք էր նման ելույթ ունենալ, այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց: Եթե պլանավորված չէր, ապա նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը, մեկ օրվա փիա՞ռ, որ ասեն՝ ի՜նչ համարձակ ելույթ ունեցա՞վ Փաշինյանը: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չօգտվել հնարավորություններից ու հօգուտ երկրի շահերի:
Պետության ղեկավարը խնդիրներն անձնական շահի տեսանկյունից չպետք է դիտարկի, այլ պետք է երկրի շահերից ելնելով՝ հաղթանակ ապահովի: Անձնական դաշտում ինչքան ուզում ես՝ պարտվի, բայց Հայաստանի համար հաղթանակ ապահովիր. ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարությունը Հայաստանի համար հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր:
Ստացվում է, որ փամփուշտը ձուլել ենք ու անիմաստ կրակոց արձակեցինք, հիմա դրանից օգտվելո՞ւ ենք. Փաշինյանի ելույթը թշնամին օգտագործելու է մեզ պախարակելու համար, մենք էլ օգտագործելու ենք, որ ի՞նչ անենք, սրա հետևանքները որո՞նք են լինելու: