Ինչ է թե մեկը որոշել է հանգիստ լինել, պետք է հարյուրավոր բերետնե՞ր մտնեն «Եռաբլուր»․ Արամ Վարդեւանյան

Մենք պետք է խոնարհվենք իրենց որդիներին կորցրած ծնողների առջեւ, միշտ երախտապարտ լինենք, որովհետեւ մենք կանք այն բանի շնորհիվ, որ այդ ծնողները նման հերոսներ են մեծացրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողներ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Կան մարդիկ, որոնց առջեւ մենք ունենք միմիայն պարտականություններ։ Դրա մասին պետք է չէ օրենք ընդունել, դրա համար կրթություն պետք չէ։ Սա ավելի բարձր արժեք է։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ մենք բարոյական ի՞նչ ճգնաժամի մեջ ենք, որ արդեն այդ տեսարանը տեսնենք սեպտեմբերի 21-ին։ 44-օրյա մղձավանջից հետո մենք կրկին մղձավանջում եք, ու հիմա ծնողների նկատմամբ ուժ կիրառե՞ք։ Մարդկային ինչ-որ նվազագույն արժեք պետք է լինի չէ՞։ Ախր, սա չէ մեր տեսակը։ Ոստիկանությունը չպետք է լինի ինչ-որ մեկի կցորդը։ Ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ իրավունքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին, ինչ է թե այդ մեկն ուզում գա «Եռաբլուր» ու իրեն հանգիստ զգա։ Ինչ է թե մեկը որոշել է հանգիստ լինել «Եռաբլուրում», պետք է հարյուրավոր բերետնե՞ր մտնեն «Եռաբլուր»։ Այն բերետավորին, որը գիտի ինքն ապրում է, որովհետեւ այստեղ այդ ծնողների երեխաներն են թաղված: Ի՞նչն է ստիպում, որ այս վիճակում էլ մտածես պառակտելու մասին»,- ասաց Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:
Ոստիկանությունից փոխանցում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։