Աղավնոյի հանդիսավոր հանձնումը
Տարօրինակ ժողովուրդ ենք կամ ազգ, ինչպես կցանկանաք: Հաստատ եթե օտարի աչքով մեզ նայենք, կպարզենք, որ հաստատ ադեկվատ չենք: Ոչ հաղթանակն ենք կարողանում ճիշտ գնահատել ու նշել, ոչ՝ պարտությունը: Ավելին, անում ենք այն, ինչ մեր թշնամին էլ չի երազի:
Մյուս կողմից, նեղ անձնական շահը մեզ մոտ գերազանցում է ամեն ինչին, անգամ... կյանքին:
Վերցնենք Աղավնոյի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Պարզվեց, որ Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, իհարկե, դժվար է պատկերացնել, որ դա եղել է առանց նիկոլի համաձայնության, վերցրել եւ գերարագ տեմպերով ադրբեջանցիների հետ համաձայնեցրել են Արցախը Սյունիքին կապող նոր ճանապարհի կամ միջանցքի սահմանները, որից հետո պարզ է դարձել, որ Աղավնոն, Սուսը եւ Բերձորը անցնում են թշնամուն:
Համաձայնությունը կայացել է վաղուց, շատ ամիսներ առաջ, պարզապես այդ մասին հանրությունը նոր է իմացել: Իհարկե, այդ մասին գորգոռում էր, բարձրաձայնում, աղաղակում նաիրի Հոխիկյանը, այդ մասին մաքյիսին սկսված հանրահավաքների ժամանակ բարձրաձայնում էր ընդդիմությունը՝ կոչ անում միասնական ջանքերով կանխել հանձնումը, բայց...
Հիմա տարօրինակ վիճակ է: Աղավնոյի հանձնումը չկանխեցինք, բայց կարծես իրականացնում ենք Աղավնոյի հանդիսավոր հանձնումը: Անդադար խոսում ենք Աղավնոյի մասին, չհասկանալով, որ դրանով կոտրում ենք հային, հատկապես կոտրում ենք նոր-նոր կյանք մտնող մեր սերնդին: Մի՞թե կարելի է այսքան անհասկացող լինել:
Թշնամին ավելիի մասին չի էլ կարող երազել: Տպագրում եւ տարածում ենք Աղավնոյում նստած, գլուխը ձեռքերի մեջ առաջ տղայի լուսանկարը: Հարց՝ ինչո՞ւ եք տարածում: Մի՞թե, որ ողբերգությունն ավելի կատարյալ լինի, ազգի ողնաշարը ավելի կատարյալ լինի:
Իհարկե, կան հայրենասեր երիտասարդներ, որոնք միամտաբար կարծում են, որ երբ Արցախի ու Հայաստանի, Ռուսաստանի իշխանությունները համաձայն են այդ ծրագրին, երբ Աղավնոյի շատ բնակիչներ ասում են, թե մեր նիկոլն ինչ անի, մեղավորը նախկիններն են, երբ Աղավնոյի որոշ բնակիչներ ծանոթ են փնտրում իրենց Երեւանում վերաբնակեցնելու համար, հնարավոր է փրկել Աղավնոն եւ Բերձորը:
Նրանց կողքին եւ կան ողբերգության մեջ շահ փնտրողներ, գովազդվողներ, որոնք շտապում են Աղավնո, լուսանկարվում են, տեսաուղերձներ անում եւ կոչ անում գալ Աղավնո եւ փրկել այն, ինչպես նիկոլը պատերազմի ժամանակ, երբ կոչ էր անում կասկա գտնել եւ նետվել մարտադաշտ:
Ժողովուրդ, իրո՞ք այսքան վատ ենք, այսքան անադեկվատ:
Փոխանակ վերախմբավորենք մեր ուժերը եւ մեր միտքն ու ֆիզիկական ուժը կենտրոնացնենք հետագա հանձնումները կանխելուն, հետագա կորուստները կանխելուն, կենտրոնացել ենք Աղավնոյի վրա, որը անհնար է այսօր պահել, որովհետեւ այն ոչ թե ենթարկվում է հարձակման, այլ հանձնվում է Արցախի իշխանությունների եւ Ռուսաստանի ու ՀՀ իշխանությունների համաձայնությամբ:
Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն, եկեք կռվենք բոլորի դեմ, բայց եկեք լրջանանք:
Ուրզում ենք կանխել հետագա աղետները, ուրեմն կա մի ելք՝ ազատվել այս վարչախմբից, իսկ այդ ընթացքում ամեն ինչ անել, որ նրանք այլեւս որեւէ նման քայլի չգնան:
Այսքանը: Դե հիմա վերցրեք քարերը եւ նետեք մեր ուղղությամբ, մեղադրելով մեզ, որ դեմ ենք Աղավնոյի հանդիսավոր հանձնմանը:
Գոնե թուրքերից սովորեք: Նրանք ոչ մի անգամ չգովազդեցին իրենց կորուստները: Ոչ մի անգամ: Նրանք գնացին այլ ճանապարհով: Այն ճանապարհով, որով գնում են պարտություն կրած պետությունները: Գոնե թուրքերից սովորենք:
Top-News.am