Հիմար եւ վախկոտ մարդը (հայկական ժողովրդական հեքիաթ)
Հիմար ու վախկոտ մարդը
Մի հիմար գյուղացի գալիս է տուն։ Մորը, կնոջը, երեխաներին նստեցնում է իր շուրջը եւ տեղեկացնում, թե իրենց հարեւաններից երկուսը, որոնք հորեղբոր տղաներ են, իրեն ասել են, թե էլ չեն ուզում միմյանց տուն գնալ_գալուց ճանապարհը երկարացնել եւ ցանկանում են, որ ճանապարհն անցնի իրենց այգու միջով։
Կինը զարմացած նայում է հիմար ամուսնու աչքերին ու հարցնում` իսկ դու ի՞նչ պատասխանեցիր։
Ամուսինն ինքն իրենից գոհ պատասխանում է, թե ասել եմ, որ մի քիչ ժամանակ տվեք, որ այգուց մի քանի ծառ կտրեմ, ցանկապատը երկու տեղից հանեմ, որ ձեր գործը հեշտացնեմ։
Տեսնելով, որ որդիները, դուստրերը, կինը, մայրը զարմացած իրեն են նայում, հետեւը քորելով ասում է` բա հարեւանների հետ խաղաղ պիտի ապրել։ Ասում է, կանգնում, մոտենում դաշնամուրին ու սկսում նվագել` տպավորություն գործելու համար։
Այս հիմարի մայրը զարմացած հարցնում է` բա հետո՞։
Հետո էն, _ ասում է հիմարը, տղերքն ասացին, որ այգու արեւելյան կողմի մեր ջերմոցից հրաժարվենք, համա խոստացան, որ ջերմոցի վարունգից, պոմիդորից բանից մեզ էլ կթողնեն օգտվենք, պայմանով, որ համայնքապետարանում թուղթ ստորագրեմ ու հրաժարվեմ ջերմոցից ու էլ ծպտուն չհանենք, որ ջերմոցը մեր պապն ա սարքել մեր հողի վրա։
Կինը կրկնում է սկեսուրի հարցը` բա հետո, ուշադրություն չդարձնելով նրա նվագին։
Հիմար ամուսինն ասում է, թե բա տղերքն ասում են, որ մեր տան սենյակներից երկուսն ազատենք, որ իրենց որդիներից երկուսն էնտեղ ապրեն, իրենք շատ են, իրենց մոտ նեղվածք է։
Հիմար մարդու որդիներից ավագը հորն ասում է` հեր բա ի՞նչ ասացիր։
Հիմարը ինքն իրենից գոհ ասում է, տղա ջան, համաձայնվեցի, բայց դե մի քիչ ժամանակ խնդրեցի, որ ձեզ համոզեմ, բացատրեմ։ Մարդիկ կիրթ են, հասկացող, տվին էդ ժամանակը։
Որդիները, կինը, մայրը այլեւս չհամբերեցին, կանգնեցին ու որի ձեռքն ինչ ընկավ սրան մի լավ ծեծելով տնից դուրս գցեցին։ Հիմարը իրեն փրկելու, պաշտպանելու համար գոռում էր, բղավում, թե բա չեք իմացել, էդ ջերմոցը, այգու կեսը, տան սենյակները իմ պապն ու հերն են դրանց տվել։ Էս լսելով ծեծն ավելի ուժգնացրին, իսկ բակում էլ, մինչեւ դարպասից դուրս կգցեին, շունը հետույքից ուժեղ կծեց ու սա պուկ փախավ, թե ուր Աստված գիտի մեկ էլ մի մարդ։ Իսկ հարեւանները աղմուկը լսելով ամեն ինչ հասկացան ու մտածեցին` ափսոս, ի՞նչ հիմար ու վախկոտ մարդ էր ձեռքներս ընկել, համարյա ստացվում էր։
Հայկական ժողովրդական հեքիաթ
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից