ՄԻՊ-ին հորդորում ենք զերծ մնալ հղի կնոջ վրաերթը իր քաղաքական ուժին ծառայեցնելուց. փաստաբան
ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր
վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ
ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած
կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։ Այս մասին իր ֆեյսբուքյան
էջում գրել է ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի
իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով
Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով
վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝
կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։
Մարդու իրավունքների պաշտպանության հետ որևէ աղերս չունեցող և բացառապես
իշխանության քաղաքական նպատակահարմարությունների արտահայտման խոսափող
հանդիսացող սույն պաշտոնյային հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի և
նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին
ծառայելու գործիք դարձնելուց։
ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր
վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ
ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած
կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։
Ավելին, ՀՀ ՄԻՊ-ի այդպիսի դատողությունները չեն բխում նաև քրեական գործի
փաստական տվյալներից, ուստի տպավորություն է ձևավորվում, որ որոշ
պաշտոնատար անձանց այդպիսի սանձարձակ քաղաքական վարքագծի դրսևորմանը
նպաստող պայման է հանդիսանում տուժողի հարազատների կողմից դեպքը
չքաղաքականցնելու ձգտումը»,- գրել է նա։