Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի
անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում
Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ
Չավուշօղլուի հետ: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համոզելու Թուրքիային
վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան
դաշինքի կազմ մտնելու հարցում: Այս մասին Լինդեն հայտնել է Շվեդական
ռադիոյին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Կուսակցությունը Թուրքիայում հայտարարվել է ահաբեկչական և արգելվել է նրա գործունեությունը: