Օրվա ընթերցվածք
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 3․14-4․13
Ճանաչել Քրիստոսի սերը
14 Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, 15 որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա, 16 որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, 17 և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, 18 որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, 19 ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։ 20 Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ 21 Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։
Բոլորս մեկ մարմին
1 Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց, 2 ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ՝ հանդուրժելով միմյանց սիրով, 3 ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով։ 4 Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց։ 5 Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ՝ մկրտությունը, 6 մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։ 7 Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով։ 8 Ահա թե ինչու է ասվում.
«Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ
և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։
9 «Ելավ»-ն ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ նախ երկրի ստորին կողմն իջավ։ 10 Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։ 11 Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝ 12 պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի, 13 մինչև բոլորս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, կատարյալ մարդու՝ Քրիստոսի լիակատար հասունության չափի։