Ռալֆ Ռանգնիկ․ «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքված են տաղանդավոր ֆուտբոլիստներ
Գերմանացի Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է իր նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Նա անգլիական թիմը կգլխավորի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Ուրախ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին» եւ կենտրոնացած եմ այս մրցաշրջանը հաջող ավարտին հասցնելու վրա։ Թիմում հավաքված են տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Կոլեկտիվն ունի երիտասարդության եւ փորձի բալանս։
Առաջիկա վեց ամիսներին իմ բոլոր ջանքերն ուղղված կլինեն այս խաղացողների անհատական եւ թիմային ներուժի իրացմանը»,- 63-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիական մամուլը գրել էր, որ գերմանական «Հոֆենհայմի» եւ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչը մանչեսթերյան թիմում կստանա տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ։
Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր անգլիացի Մայքլ Քերիկը։
Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 8-րդ տեղում է։