Իրանի ԱԳՆ ղեկավարը եւ Ադրբեջանի փոխվարչապետը քննարկել են իրավիճակը կովկասյան տարածաշրջանում
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, հայտնում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում Ամիր-Աբդոլլահիյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների աճից՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ բնութագրելով»։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ զբոսաշրջության տարբեր ոլորտներում երկու երկրների տնտեսական հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով ինժեներական եւ տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա նաեւ հայտարարել է իրանական ընկերությունների՝ վերջերս «ազատագրված» տարածքների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին։ Նա նաեւ ընդգծել է ճանապարհորդությունների սահմանափակումների մեղմացման եւ երկու երկրների միջեւ թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը։
Ամիր-Աբդոլլահիյանը մատնանշել է Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն երկրների տարածքային ամբողջականության եւ ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփոխությունը։
Իր հերթին, Ադրբեջանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի նավթի եւ տրանսպորտի նախարարների հետ կառուցողական հանդիպումներից եւ հայտարարել, որ երկու երկրները մոտ են նավթի, գազի եւ տրանսպորտային ոլորտներում պատմական պայմանավորվածություններին։